Instagram սոցցանցում կվերանա «Բաժանորդագրություն» ներդիրը, որը թույլ է տալիս հետեւել այլ օգտատերերի լայքերին եւ գործողություններին, հաղորդում է ՌԲԿ-ը՝ BuzzFeed-ի վրա հղումով:

Ավելի վաղ ինտերֆեյսի ներքեւի տողում սրտիկ նշանի վրա սեղմելիս օգտատերը կարող էր ընտրել «բաժանորդագրություն» ներդիրը, որում երեւում էր՝ ինչ գրառումների եւ մեկնաբանությունների են լայքեր թողել ընկերները: Պարբերականը նշում է, որ այդ ֆունկցիայի մասին շատերը կամ պարզապես մոռացել են կամ չեն իմացել:

Այդպիսով օգտատերերը տհաճ իրավիճակում են հայտնվել, երբ ցանկացել են թաքցնել սոցցանցում իրենց ակտիվությունը: Սոցցանցի ղեկավարությունը նշել է, որ շատ օգտատերեր չեն իմացել այդ ֆունկցիայի մասին:

Ներդիրը հայտնվել էր Instagram-ում դեռեւս 2011-ին: Ենթադրվում էր, որ այն հնարավորություն կտա օգտատերերին իրենց համար նոր հորիզոններ բացել եւ ընկերների լայքերի միջոցով նոր կոնտենտ փնտրել: Օգտատերերից շատերի մոտ ֆունկցիան արդեն անհետացել է: TechCrunch-ի հաղորդմամբ՝ այն սկսել են վերացնել հոկտեմբերի 7-ից, շաբաթվա վերջին լայքերի հետեւման ֆունկցիան կվերանա բոլոր օգտատերերի մոտ: