2019-ին զինված ուժերը գրանցել են ժամկետային ծառայության զինվորների մահվան 17 դեպք: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ 2018-ին գրանցվել է նման 28 դեպք:

«Այսինքն, 39%-ով կրճատվել են նման դեպքերը: Մահը, յուրաքանչյուրի կորուստը ողբերգություն է ընտանիքի համար, անդառնալի կորուստ: Սակայն աշխատանք է տարվում նման դեպքերը կրճատելու համար»,- հայտարարեց Դավթյանը:   

Նշված ժամանակահատվածում մահացել է ժամկետային ծառայության 11 զինվոր, անցած տարի՝ 22-ը: «Այսինքն, երկու անգամ ավելի քիչ»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ կրճատվել է նաեւ սահմանին միջադեպերի թիվը;

Ինչ վերաբերում է կորուստների թվի մասին ԶԼՄ-ներում հայտնված հակասական տվյալներին, Դավթյանը նշեց, որ այստեղ նշանակություն ունեն զինծառայողի մահվան պատճառները՝ կապված հիվանդության կամ ծառայություն կրելու հետ չկապված դեպքերի հետ. «Սպան հիվանդ էր օնկոլոգիայով: Մեկ տարի բուժվում էր, մահացել է հիվանդանոցում: Հայտնե՞լ այդ մասին թե ոչ»: