Հայաստանում մասնաճյուղ կունենա Էլեկտրոնային եւ էլեկտրոնիկայի ոլորտի ինժեներների ինստիտուտի համակարգչային հանրությունը (The Institute of Electrical and Electronics Engineers Computer Society, IEEE CS)։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը և IEEE CS-ի տնօրեն, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սիսիլիա Մետրան։

Երվանդ Զորյանը նշեց, որ IEEE-ն միջազգային թիվ մեկ կազմակերպությունն է ոլորտում. «Սա պրոֆեսիոնալ կազմակերպություն է էլեկտրոնիկայի եւ համակարգչային ոլորտում։ Մինչ այս կազմակերպության ներկայացուցչություն չէինք ունեցել Հայաստանում։ Այսօր հայտարարում ենք, որ համակարգչային հանրության մասնաճյուղ կունենանք այստեղ»։

Սիսիլիա Մետրան էլ տեղեկացրեց, որ այդ հանրությունը 400 հազարից ավելի անդամներ ունի, 200 մասնաճյուղեր ամբողջ աշխարհում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շեշտեց՝ սա մեծագույն իրադարձություն է. «IEEE-ն ամենահեղինակավոր կազմակերպություն է էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների եւ գիտական սեմինարների առումով»,- ասաց նախարարը։