ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական անդամներ Հյուսիսային Կորեային «որոշակի քայլեր անելու» կոչ են արել այն բանի համար, որպեսզի լիովին, ստուգման ենթակա եւ անդառնալի կերպով հրաժարվի միջուկային զենք եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու իր ծրագրերից, հայտնում է Reuters-ը։

Դեսպանները Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ ԱԽ փակ նիստից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված անցյալ շաբաթ ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման հետ։

«Կենսականորեն կարեւոր է, որպեսզի Անվտանգության խորհուրդը սատարի իր բանաձեւերին։ Միջազգային պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ եւ լիակատար ու անշեղորեն պահպանվեն»,- ասվում է դեսպանների (որոնց թվում են Բելգիայի եւ Լեհաստանի դեսպանները) հայտարարության մեջ։

Եվրոպական անվտանգության խորհրդի անդամները համառորեն կոչ են անում Հյուսիսային Կորեային «բարեխղճորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ կառուցողական բանակցություններին եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել զանգվածային ոչնչացման զենքի եւ բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրից լիովին, ստուգման ենթակա եւ անդառնալի կերպով հրաժարվելու նպատակով»։

Հյուսիսային Կորեան նախօրեին Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային նախազգուշացրել էր, որ ՄԱԿ ԱԽ-ում Փհենյանի հրթիռային փորձարկումների հարցի քննարկումը «ավելի առաջ կմղի մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ցանկությունը»։