ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2009-2019թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մարզադպրոցում 6 քաղաքացու, ոմանց` մարզիչ, ոմանց որպես հավաքարար է հրամանագրել, այդ թվում և իր որդուն ու կնոջը, որոնք փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 30 միլիոն դրամ աշխատավարձերի գումարը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: