Ժամանակակից ամենահայտնի ֆրանսիացի կինոռեժիսորներից մեկը՝ Լյուկ Բեսոնը, հերքել է դերասանուհի Սենդ Վան Ռոյի մեղադրանքները։ Դերասանուհին հայտարարել է, որ Բեսոնը երկու տարվա ընթացքում բազմիցս իրեն բռնաբարել է, հայտնում է BBC-ն։

Ե՛ւ Բեսոնը, ե՛ւ Վան Ռոյը խոստավանում են, որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ են եղել։ Սակայն Բեսոնը հերքում է բռնաբարության մեղադրանքները՝ նշելով, որ դրանք դերասանուհու երեւակայության արդյունքն են։

Երեքշաբթի օրը Բեսոնն առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքել է իրեն ուղղված մեղադրանքներին։ BMFTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ դրանք ամբողջովին հորինված են։ «Ես կյանքում երբեք կնոջ չեմ բռնաբարել»,- հավելել է նա։

28-ամյա դերասանուհին Բեսոնին մեղադրում է, մասնավորապես, նրանում, որ նա անցյալ տարվա մայիսին փարիզյան հյուրանոցում բռնաբարել է իրեն։ Վան Ռոյը Բեսոնի դեմ հայց առաջին անգամ անցյալ տարի է ներկայացրել։

Դատախազության կողմից անցկացված նախաքննությունից հետո ռեժիսորի դեմ գործ չեն հարուցել։

Սակայն ութ ամիս անց դերասանուհու նոր բողոքի պատճառով դատարանը որոշել է վերադառնալ գործին։

Բեսոնի եւ Վան Ռոյի հարաբերությունները սկսվել են «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը» ֆիլմի նկարահանման ժամանակ, եւ ավարտվել են անցյալ տարվա մայիսի 17-ին փարիզյան հյուրանոցում բռնաբարությունից հետո, տեղեկացնում է դերասանուհին։

Անցյալ տարվա հուլիսի 6-ին դերասանուհին մեկ այլ բողոք էր ներկայացրել, որով ռեժիսորին մեղադրել էր 2016թ․ մարտից 2018թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ բռնաբարությունների մեջ, հայտնում է գործակալությունը։

Mediapart կայքին տված հարցազրույցներում Բեսոնին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են եւս ութ տղամարդ եւ կին։

60-ամյա Բեսոնը ամուսնացած է կինոպրոդյուսեր Վիրջինիա Բեսոն-Սիլի հետ, ռեժիսորը նրանից երեք զավակ ունի եւ երկուսը՝ նախորդ ամուսնությունից։