Համաշխարհային բանկը 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 2,6 տոկոսից մինչեւ 2,5 տոկոսի է նվազեցրել համաշխարհային առեւտրի եւ ներդրումների դանդաղման ֆոնին, նշված է զարգացման ինստիտուտի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տնտեսագետները նշում են, որ 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի նվազումը շարունակվել է տնտեսական քաղաքականության անորոշության եւ գլոբալ ներդրումների հոսքերի ու առեւտրի կրճատման  ֆոնին: «Ակնկալվում է, որ ընթացիկ տարում աճը մինչեւ 2,5 տոկոս կդանդաղի առեւտրի եւ ներդրումների սպասվածից ավելի թույլ ցուցանիշների ֆոնին»,- նշված է զեկույցում:

Համաշխարհային բանկը 2019 թվականի հունիսին կանխատեսել էր, որ համաշխարհային տնտեսության աճն այս տարի 2,6 տոկոսով կդանդաղի՝ հասնելով մինչեւ 2016 թվականի նվազագույնին: «Սակայն մի շարք ռիսկերի առաջացումը, ներառյալ ամենախոշոր տնտեսությունների միջեւ առեւտրում լարվածության վերականգնումը, հունիսի համեմատությամբ կանխատեսումը վատթարացրել է»,- պարզաբանել են ՀԲ-ից: Աճը 2,5 տոկոս կկազմի նաեւ 2020-ին (ինչը 0,2 տոկոսային կետով ցածր է հունիսյան կանխատեսումից):

ՀԲ տնտեսագետների կարծիքով՝ աճը կկայունանա 2021 թվականին՝ հասնելով 2,6 տոկոսի (նախկինում ակնկալվում էր 2,8 տոկոս) տնտեսության մեջ խոշոր ցնցումների բացակայության պարագայում, ինչպես նաեւ զարգացող եւ զարգացած տնտեսությունների վերականգնման դեպքում, որոնք նախկինում ենթարկվել են ֆինանսական շուկաների ճնշմանը:

«Ակնկալվում է, որ 2019 թվականին Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ձեւավորվող շուկայով եւ զարգացող տնտեսություններով երկրներում աճը կդանդաղի մինչեւ 1,8 տոկոսով (2018 թվականի 3,2 տոկոսի համեմատությամբ), առավել ցածր մակարդակի հասնելով 4 տարում… 2020-2021 թվականներին աճի տեմպերի արագացում է սպասվում Թուրքիայի տնտեսության վերականգնմանը եւ Ռուսաստանում իրավիճակի բարելավմանը համապատասխան»,- հավելում են տնտեսագետները: