Մեծ Բրիտանիայի կառավարության 5 անդամներ, հնարավոր է, իրենց պաշտոնները լքեն ԵՄ-ից առանց Brexit-ի պայմանների մասին գործարքի երկրի դուրս գալու աճող սպառնալիքի ֆոնին: Այս մասին հայտնում է The Times պարբերականը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության չներկայացած անդամներին:

Նրանց տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար Ջուլիանա Սմիթին, թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների եւ սպորտի նախարար Նիկի Մորգանին, արդարադատության նախարար Ռոբերտ Բաքլենդին, առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարար Մեթ Հենքոկին եւ Անգլիայի ու Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Կոկսին: Պարբերականի զրուցակիցը նշել է, որ նրանց հրաժարականի հարցը ծագել է կառավարության հանդիպումից հետո, որի ժամանակ նախարարները վարչապետ Բորիս Ջոնսոնին ասել են, որ 1998 թվականի Բելֆասթի համաձայնագրի խզման լուրջ վտանգ կա, որը դադարեցրել էր Հյուսիսային Իռլանդիայի հետ բազմամյա հակամարտությունը, ինչպես նաեւ իրենց մտավախություններն են հայտնել Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի վերաբերյալ:

Բրիտանիայի կառավարության մեկ այլ անդամ The Times-ին տեղեկացրել է այն մասին, որ «մեծ թվով օրենսդիրներ դուրս կգան թորիների կուսակցությունից, եթե Ջոնսոնը համընդհանուր ընտրություններում իր ռազմավարության հիմք ընդունի ԵՄ-ից առանց գործարքի Բրիտանիայի դուրս գալու տարբերակը»։ Պահպանողականները հաստատել են, նշել է թերթը, որ իրենց համար «շատ դժվար կլինի» մնալ կառավարության կազմում, որը տրամադրված է Brexit-ի՝ առանց ԵՄ-ից դուրս գալու պայմանների մասին գործարքի կնքման։

Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետո։ Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները երեք անգամ մերժեցին Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ձեռք էր բերվել Բրյուսելի եւ Թերեզա Մեյի՝ վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի նախորդի կառավարության միջեւ։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնեց Brexit-ը տեղափոխել ապրիլի կամ մայիսի սկիզբ, հետո՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը փակուղուց դուրս բերել։ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նրան փոխարինած Բորիս Ջոնսոնը պնդում է, որ երկիրը Բրյուսելից Brexit-ի նոր հետաձգում չի խնդրի եւ Եվրամիությունից պետք է դուրս գա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ՝ գործարքով կամ առանց դրա: