Հայաստանը շարժվում է լուրջ բարեփոխումների ճանապարհով, եւ Եվրոպական միությունն աջակցում է եւ կշարունակի աջակցել Երեւանին։ Այս մասին «Խելացի ապրել. ուժեղացնել երիտասարդությանը» համաժողովում՝ նվիրված «Արեւելյան գործընկերության» տասնամյակին, իր ելույթում հոկտեմբերի 9-ին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նա նշեց, որ հին ձեռագրերի «Մատենադարան» թանգարան-ինստիտուտն այս համաժողովի անցկացման լավագույն վայրն է, որովհետեւ այն հայկական մշակույթի եւ կրթության օջախն է։ «Մենք ուրախ ենք համագործակցել իշխանությունների հետ, եւ մեր հիմնական շահագրգռվածությունն այն է, որպեսզի զինենք երիտասարդությանը նոր հնարավորություններով։ Սա առաջնահերթություն է ԵՄ-ի համար, այդ թվում «Արեւելյան գործընկերության» շրջանակում, նոր գործնական մոտեցումների կիրառմամբ։ ԵՄ-ը ստեղծում է բազմաթիվ հնարավորություններ, եւ համագործակցությունը  կհանգեցնի կրթության համակարգի, նորարարությունների ոլորտի բարելավմանը»,- ընդգծել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կապիտալը երիտասարդությունն է, քանի որ հենց երիտասարդներն են կառուցում ապագան, դրա համար անհրաժեշտ է նրան լավ կրթություն տալ։ «Ես դա քննարկել եմ նախագահի հետ եւ գիտեմ, որ միշտ կա անհանգստություն «ուղեղների արտահոսքի» հետ կապված։ Բայց Եվրոպան գնում է ոչ թե «ուղեղների արտահոսքի», այլ «ուղեղների շրջանառության» ճանապարհով, քանի որ դա ստեղծում է ավելի շատ հնարավորություններ։ Մյուս կողմից՝ դա նշանակում է, որ նրանք, ովքեր որոշումներ են կայացնում՝ իշխանությունները, պարտավոր են լսել երիտասարդների ձայնը, նրանց գաղափարները։ Դա կապահովի ողջ հասարակության զարգացումը»,- ասել է նա։