Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղում «կենսական տարածությունների» յուրացման ծրագրերի իրականացումը անխուսափելիորեն կշրջվի ղարաբաղցիների համար ֆիզիկական հետեւանքներով եւ համակենտրոնացման ճամբարների ի հայտ գալով: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունը:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ալիեւի հայտարարությունը կարելի է երկու կերպ վերլուծել. «Սա, մի կողմից, «Ղարաբաղի օկուպացիայի մասին» շլյագեր դարձած ադրբեջանական քաղաքական մուղամի հերթական կատարումն է: Այս մուղամն ուղղակի դարձել է ադրբեջանական արտաքին եւ ներքին քաղաքականության այցեքարտը:

Բայց եթե հայտարարություններն ուշադիր դիտարկենք, դժվար չէ նկատել ենթատեքստը: Ալիեւը խոսում է նոր քաղաքների եւ բնակավայրերի մասին: Նույն բանն ասում էր Հիտլերը: Երբ Հիտլերը խոսում էր «արիացիների» համար կենսական տարածության ընդարձակման մասին, նույնպես նոր քաղաքներ էր խոստանում: Այսինքն՝ հները պետք է ավերվեին եւ կառուցվեին նորերը: Ահա թե ինչ է մեզ սպասվում: Եվ այս մասին չի կարելի մոռանալ: Ահա թե ինչ է մեզ սպասվում, եթե Ադրբեջանը կարողանա իրականացնել իր մարդատյաց ծրագրերը: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որ դա նրան չհաջողվի: Բայց ահա սրանք են նրանց երազանքներն ու անուրջները: Ադրբեջանի ղեկավարությունը չի մրմնջում խաղաղության մեջ ապրելու մասին, խոսում է մեր ավերվածի վրա իրենց նորի կառուցման մասին: Սա նշանակում է, որ ավերվելու են հայկական բոլոր հուշարձանները, ոչնչացվելու են շիրիմները, ջնջվելու են հայերի հետքերը, ինչպես արվել է Բաքվում եւ ադրբեջանական այլ քաղաքներում: Եվ դրանց տեղում կառուցվել են նոր պալատներ՝ Իլհամ Ալիեւի, Մեհրիբան Ալիեւայի, նրանց դուստրերի, որդիների, փեսաների եւ այլոց անուններով:

Շարքային ադրբեջանցիները պատերազմ չեն ուզում, բայց ադրբեջանցի ժողովրդի մտածող հատվածը հասկանում է, թե այսպիսի նացիզմն իրենց ուր կարող է նետել: Չէ՞ որ Հիտլերը նույնպես նացիստների համար լավ բաների մասին էր խոսում: Չնայած նրա ծրագրերի ամբողջ հրեշավորությանը, բնակչությունն ինչ-որ պահի նրան աջակցել է: Նոր քաղաքների խոստումները վերածվեցին համակենտրոնացման ճամբարների կառուցման: Հայերն էլ հենց այդպիսի «տներ» կունենան, եթե Ադրբեջանի ղեկավարությանը հաջողվի կենսագործել իր ծրագրերը: Ընդ որում՝ լավագույն դեպքում համակենտրոնացման ճամբարներ, եթե չքառատեն: Անհրաժեշտ է հիշել, թե ում եւ ինչի հետ գործ ունենք, եւ մշտապես աշխատել ի բարօրություն սեփական երկրի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը: