Հայաստանում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները, սկսած 1990-ական թվականներից, չի հաջողվել իրականացնել այն պատճառով, որ էլիտան հեռացել է նախապես նշած ուղեգծից։ Այս մասին «Ի՞նչ անել». երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալում եւ կիրառություն» գիտագործնական համաժողովի ընթացքում հոկտեմբերի 9-ին ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ էլիտան սկսել է իրականացնել նոր գաղափարներ, որոնք երկիրը շատ տարիներ հետ են մղել զարգացման ճանապարհից։ «Երկրորդ. պարզվեց, որ դեմոկրատացման ծրագրի իրականացումը շատ ավելի բարդ էր, քան շուկայական տնտեսություն կառուցելը։ Այն, ինչ արվեց Հայաստանում հանուն ինչ-որ «բարձր» նպատակների՝ բարեփոխումների քողարկման ներքո, երկար տարիների ընթացքում, իրականում կեղծ դեմոկրատացման հիանալի նմուշ էր»,- ընդգծեց Խաչատրյանը։

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ այդ բարեփոխումների իրականացման ընթացքում մոռացվեց «աքսիոմատիկ ճշմարտությունը». բարեփոխումները, որոնք իրականացվում են ի հաշիվ քաղաքական դեմոկրատիայի, ավարտվում են այդ քաղաքական դեմոկրատիայի մահվամբ՝ ճանապարհին ոչնչացնելով տնտեսական փոխհարաբերությունների ցանկացած համակարգ։ Իսկ այն բարեփոխումները, որոնք իրականացվեցին 90-ականների սկզբին, «միանգամայն հասկանալի էին, բայց ցավագին ինչպես հասարակության, այնպես էլ այն մարդկանց համար, ովքեր որոշումներ էին կայացնում»։ «Այն տարիներին խոր բարեփոխումների իրականացումը պահանջում էր համարձակություն եւ հետեւողականություն»,- նշեց Տեր-Պետրոսյանի զինակիցը՝ ավելացնելով, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա երկրի իշխանությունները պետք է իրականացնեն պարզ, բայց եւ միաժամանակ բարդ ու ցավագին միջոցառումներ, որպեսզի իրականացվեն տնտեսական հեղափոխության գաղափարները։