Հայաստանում Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ իրականացվող «Թվային հնարավորություններ» ծրագրի շրջանակներում ավարտվեց դասընթացների փուլը:

Հայաստանի 4 մարզերի 10 դպրոցների 110 աշակերտներ մասնակցեցին 4 փուլով անցկացված դասընթացներին: Ծրագրի շնորհիվ երեխաներն արդեն կարող են տարբեր տեսակի թվայնացված միջոցներ ընտրել ու գործածել՝ թվայնացված նյութ ստեղծելիս, արդյունավետ օգտագործել ՏՀՏ-ը (Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ)՝ տեղեկատվություն ստանալիս, պահպանելիս եւ կազմակերպելիս, գիտեն ՏՀՏ-ի օգտագործման բնագավառները եւ դրանց առավելությունները, կարողանում են ստեղծել բովանդակություն:

«Դասընթացների փուլի ավարտին հստակ ընդգծվեց այն փաստը, որ մարզերում ՏՀՏ-ի տարածումն ու դրա կիրառումը շատ հաճախ սկսվում եւ ավարտվում է սոցիալական ցանցերում կենցաղային շփումներով: Մարզային դպրոցներում հատկապես զգալի է ոչ բավարար տեխնիկական հագեցվածության խնդիրը: Հատկանշական է, որ այս պայմաններում եւս դպրոցականները սիրով, մեծ ձգտմամբ ու շատ արդյունավետ սովորում ու կուտակում են թվային ոլորտի նոր գիտելիք: Տեղական ընկերությունների համար իսկապես շնորհակալ գործ կլինի ներդրում ունենալ եւ՛ համայնքների դպրոցների համակարգչային տեխնիկական զինման գործում, եւ՛ երեխաների կրթության առաջընթացում», - նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Թվային տեխնոլոգիաներն աշխարհի ապագան են, եւ համապատասխան հմտությունները երեխաների առջեւ անսահմանափակ հնարավորություններ կբացեն, քանի որ այսօր ամենահասարակ սմարթֆոնը եւ ինտերնետի հասանելիությունը հզոր գործիքներ են ուսման, աշխատանքի եւ կենցաղի մեջ։ Ուրախ ենք գիտակցել, որ այս նախագիծը մեր երեխաներին տվեց այսօրվա դրությամբ այդքան կարեւոր գիտելիքները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առջեւում է աշխատաժողովի փուլը, որ կմեկնարկի հոկտեմբերի 16-ին: Այս փուլում ծրագրի խոսնակները ելույթներ կունենան նոր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման եւ կրթական գործընթացներում դրանց արդյունավետ օգտագործման կարեւորության ու դրանց հետագա զարգացումների մասին։ Ինչպես նաեւ փորձագետները կհանդիպեն համայնքների թիմերի հետ, ինչի արդյունքում երեխաները նախորդ փուլերում ձեռք բերած տեսական եւ փորձնական գիտելիքները կօգտագործեն՝ ստեղծելով իրենց պատկերացմամբ դասապրոցեսում հետագայում հնարավոր օգտագործվող ՏՏ գործիքներով իրենց մտահղացումները եւ կներկայացնեն դրանք ժյուրիի գնահատմանը։