«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ լրիվ բնական և կոնստրուկտիվ հարաբերություններ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված քրեական գործերին և երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընկերության ղեկավարի հանդիպմանը:

«Երեկվա հանդիպմանը ես մասնակցել եմ, քննարկումների օրակարգն էր երկաթգծի ապագա զարգացումը եւ իրենց ռազմավարությունը: Այս պահին պայմանագրի խզման վերաբերյալ հարց ընդհանրապես չկա»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը:

«Ես չեմ կարող քրեական գործից խոսել, բայց բացարձակ համաձայն չեմ այն տպավորությունների կամ պնդումների հետ, որ ինքը կառավարվում է, որ մեր հարաբերությունների հետ կապված խնդիրներ լուծվեն: Չկա նման բան»,-ասաց փոխվարչապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: