Բոլորի համար էլ Արցախը Հայաստան է, բայց պետք է հասկանալ, թե Հայաստան ասելով ինչ նկատի ունենք, միակ տարբերությունն այնն է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են տարբեր, բայց հայրենիքը, ազգը նույնն է, եւ բոլորս միասնական պետք է լինենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ, իսկ այնուհետեւ այն ասվածին, որ կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին էլ հայտարարությանը։

Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաեւ սրտասբուրգյան այցի արդյունքներին, ասաց, որ չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշպանության հարցերը ներկայացնելն է, եւ, որ ինքը եղել է հիմնական զեկուցողներից մեկը.

«Արցախի Հանրապետության դեպքը՝ հիմք ընդունելով 2018 թվականի ԵԽԽՎ 2040 բանաձեւը, որը վերաբերում է «գորշ գոտիներում» միջազգային Մարդու իրավունքների մշտադիտարկման մեխանիզմների մուտք ունենալուն։ «Գորշ գոտիներ» եզրույթին համամիտ չեմ, ես կասեի՝ դե ֆակտո պետություններ։ Բայց քանի որ իրենք իրենց կամքով մուտք չունեն չճանաչված պետություններ կամ դե ֆակտո պետություններ, դա չի նշանակում, որ տվյալ պետությունների բնակիչների համար դա «գորշ գոտի է»։

Բեգլարյանը նշեց, որ հիմնական շեշտադրում այն էր, որ առաջին հերթին, ինչպես միջազգային տարբեր փաստաթղթերում, այնպես էլ՝ Մարդու իրավունքների միջազգային համընդհանուր հռչակագրում, նշվում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ անկախ որեւէ տարածքի պետության կարգավիճակից, տվյալ պետության բնակիչները չպետք է զրկված լինեն Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Եվ սա բոլորը ընդունում են, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը։ Չնայած չճանչված պետությունների բնակիչները մեկուսացած են միջազգային հանրությունից, մեկուսացած են մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին մուտք ունենալուց եւ միջազգային ծրագրերում ընդգրկված լինելու հնարավորություններից։ Դա բացասական է ազդում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա»։

Նա Մարդու իրավունքների պաշտպանությունը բաժանեց 3 մակարդակի՝ տեղական, տարածաշրջանային եւ միջազգային.

«Տեղական մակարդակում ինստիտուցիոնալ զարգացման, կարողությունների զարգացման առումով բավականին շատ խնդիրներ են առաջանում, քանի որ միջազգայնորեն տվյալ պետությունը մեկուսացած է, որի հետեւանքով պետական մարմինները միջազգային առումով ուղիղ հաղորդակից չեն լինում, ուղիղ պարտավորություններ չեն ստանձնում, տարբեր ծրագրերից չեն կարողանում օգտվել։ Արդյունքում մենք մնում ենք մեն մենակ, նույնիսկ եթե քաղաքական կամքը գոյություն է ունենում։ Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների շնորհիվ Արցախը բավականին մեծ հաջողություններ ունի։

Երկրորդ մակարդակը տարածաշրջանայինն է, որը գլխավորապես պայմանավորված է հակամարտությամբ, մեր պարագայում Ադրբեջանի վարքով։ Բացի կյանքի անվտանգության հանդեպ սպառնալիքներից, վտանգներից նաեւ մի շարք այլ ոտնահարումներ կան, օրինակ օդանավակայանի դեպքը, որն ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում է, սեւ ցուցակները, որը ոչ միայն մեր իրավունքներն է ոտնահարում, այլ նաեւ օտարերկրյա քաղաքացիների, որոնք այցելում են Արցախ, գիտնականների, հետազոտողների, միջազգային ներդրողների հանդեպ հետապնդումներ կան, որպեսզի նրանք Արցախում գործունեություն չծավալեն»։

Նա ասաց, որ իր ելույթների վերաբերյալ եղել է դրական արձագանք. «Հետաքրքրություն եմ նկատել հենց Արցախի դեպքի հանդեպ։ Որոշ պաշտոնյաներ փորձել են ավելի շատ տեղեկություններ ստանալ Արցախում մարդու իրավունքների պաշտպանության  վիճակի եւ առկա մարտահրավերների մասին»։

Բեգլարյանն ասաց, որ Արցախում 1991 թվականից սկսած առ այսօր մեծ տեղաշարժ է նկատվում, սակայն անելիքներ դեռ շատ կան. «Բոլոր ոլորտներում էլ կան անելիքներ։ Նա առանձնացրեց մի քանի ոլորտներ, որոնք առաջին հերթին Արցախի իշխանությունները պարտավոր են ստանձնել պարտավորությունը աշխատանքներ կատարելու, Հայաստանն էլ, միջազգային հանրություններ ունի այդ առումով պարտավորություն ունի այդ առումով մեզ աջակցելու»։