Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպմանը շոշափվել է գազի հարցը. չեմ կարծում, որ ավելի որոշակի է դարձել գնի հետ կապված, որովհետեւ ես բազմիցս նշել եմ, որ գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարեւորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը` սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը եւ վերջինիս ընթացիկ ծախսերը: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխություններին:

«Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, եւ դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր եւս քննարկվում է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցությունների ավարտի հստակ ժամկետ չի կարող նշել:

«Ես կարծում եմ` շատ երկար չի տեւի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետեւ բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Փաստ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով` 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաեւ ազգաբնակչության համար: Ըստ թերթի՝ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է եւ չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս: