«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագրի համաձայն ներդրումների ծավալները նկարագրված են մինչեւ 2038 թվականը, բայց մենք, բնականաբար, ցանկություն ունենք, եւ այդ ցանկությունը, կարծում եմ՝ հանդիպակաց է, որ այդ ներդրումային ծրագիրն ավելի ճշգրտենք, թվայնացնենք ըստ տարիների: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա խոստովանեց, որ այո, ՀԿԵ-ի ենթակառուցվածքներն ու շարժակազմը խորհրդային տարիներն են հիշեցնում. «Այո, մասնավորապես, շարժակազմի մասով ունենք ընդամենը երկու գնացք, որ հիշեցնում են եվրոպական ստանդարտի տրանսպորտ: Այո, այդ հարցն էլ է քննարկվել: Որոշակի պահանջների տեսք էլ է ստացել մեր դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: