Իրանը չի գնացել միջուկային զենք ստեղծելու ճանապարհով, քանի որ իսլամի տեսանկյունից դա արգելված է: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք կարող էինք այդ ճանապարհով գնալ, սակայն մենք ասում ենք, որ իսլամում դա արգելված է: Միջուկային զենքն այսօր սպառնալիք է ներկայացնում խաղաղության եւ մարդկության համար»,- նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ պատճառով թույլ է տալիս հետեւել իր ատոմային օբյեկտներին:

Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում, հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Իրանին գնալ միջուկային զենքի եւ հրթիռների ստեղծման ճանապարհով: