Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային հողում Հալլե քաղաքում չորեքշաբթի անհայտ անձը կրակոցներ է արձակել ինքնաձիգից, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախնական տեղեկություններով՝ Հալլեում զոհվել է 2 մարդ: Հնչել է մի քանի կրակոց: Կրակողները փախուստի են դիմել ավտոմեքենայով»,- նշված է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է մնալ բնակարաններում եւ խուսափել այն թաղամասից, որտեղ միջադեպը տեղի է ունեցել:

Կրակոցները կատարվել են ինքնաձիգից: Bild պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքային սինագոգի առջեւ: Պարբերականը հայտնում է, որ անհայտ անձը նռնակ է նետել հրեական գերեզմանոցի տարածք: Պարբերականի տեղեկություններով՝ դրանից հետո եւս մեկ հրաձգություն տեղի է ունեցել Հալլեի մերձակայքում Վիդերսդորֆ տեղանքում, միջադեպի մանրամասներն առայժմ հայտնի չեն:

Ոստիկանությունը շրջապատել է Հումբոլդտի անվան փողոցում արտակարգ դեպքի վայրը: Deutsche Bahn կոնցեռնը Twitter-ում հայտնել է, որ հրաձգության հետ կապված փակել է քաղաքի երկաթուղային կայարանը: