Համացանցում անանուն մարդիկ կարծում են, որ իրավունք ունեն ասելու այն ամենը, ինչ ուզում են: Այս մասին Երեւանում WCIT 2019-ի շրջանակում հայտարարեց «System оf A Down» հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Կա նաեւ թվային աշխարհի մութ կողմը: Մասնավորապես, մեկուսացումը, որը զգում են մարդիկ: Մարդիկ իրենց մեկուսացված են զգում: Համացանցում անանուն մարդիկ կարծում են, որ իրավունք ունեն ասելու այն ամենը, ինչ ուզում են: Հազվադեպ է պատահում, երբ փողոցում մոտենում են եւ ասում. «Հե՜յ, ինձ դուր չի գալիս, թե ինչպես ես դու հագնվում»»,- ասաց նա: 

Խոսելով մեր օրերում համացանցի հնարավորությունների մասին, Թանկյանը նշեց, որ մինչ այժմ հիշում է, թե ինչպես են մանկության տարիներին իր ծնողներն իր համար հանրագիտարան գնել: 

«Ես այնքան հուզված էի, քանի որ կարիք չկար այլեւս գրադարան գնալ՝ անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար: Այժմ մարդիկ կարող են ցանկացած տեղեկություն ստանալ վայրկյանների ընթացքում, սակայն հաճախ չեն դիմում այդ միջոցին»,- նշեց նա: