Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 10-14-ը Արցախում կայանալիք «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» համաժողովի մասնակից Իրաքի պատվիրակության անդամներին:

Ողջունելով պատվիրակության մասնակցությունը համաժողովին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց այդկերպ նրանց ավանդը հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման գործում, իբրեւ կարեւոր նախապայման ժողովուրդների համակեցության եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների բարեկամությանը եւ առկա հարաբերություններին, կարեւորվեցին հանուն խաղաղության գործադրվող բոլոր ջանքերը:

Խոսելով Մերձավոր Արեւելքում վերջին տարիներին տեղ գտած ցավալի զարգացումների մասին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Իրաքի ժողովուրդը Բարձրյալի օգնականությամբ կկարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները եւ վերագտնել իր խաղաղ եւ բնականոն կյանքը։