Ես որոշակի կապեր ունեցել եմ հայաստանյան բնապահպանական խմբերի հետ, բայց Ամուլսարի հետ կապված խնդիրները շատ քաղաքականացված են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Նրա խոսքով, կոնկրետ Ամուլսարի դեպքում խնդիրն այն է, որ այստեղ կա նաեւ իրավական գործընթացների վտանգ. Ինչ-որ մարդիկ փորձում են քաղաքական դիվիդենտներ ստանալ այս թեմայից:

«Այո, ես աջակցում եմ բնապահպաններին, սակայն ինձ դուր չի գալիս, որ խնդիրը քաղաքականացվում է: Ես տեսնում եմ, որ մարդիկ, որոնք երբեւէ Հայաստանում բնապահպանական խնդիրներով չեն զբաղվել, հանկարծ ակտիվացել են: Ինձ համար մեծ խնդիր է, որ նրանք նախկինում թքած ունեին դրա վրա, եւ հիմա հանկարծ ակտիվացել են եւ ինչ-որ բաներ են ուզում անել:

Իհարկե, դուք հայաստանցիներդ ավելի լավ գիտեք, թե այստեղ ինչ է կատարվում, բայց նման հարցերին պետք է նայել բոլոր կողմերից: Այո, Արբիտրաժի վտանգ կա, դատական վտանգ կա: Ես կարող եմ ասել, որ ՀՀ իշխանություններն ավելի շատ հետազոտություններ են անում, ավելի խորությամբ են ուսումնասիրում այս հարցը, քան որեւէ կառավարություն, այդ թվում ամերիկյան կառավարությունը կաներ: Ես ուզում եմ տեսնել, թե սա ինչպես կավարտվի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսին կլինի իր արձագանքը, եթե Ամուլսարի պահապանների նկատմամբ ուժ կիրառվի, Թանկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող եթե»-ներով հարցերին պատասխանել. Օրինակ, եթե հիմա անձրեւ գա, արդյոք պատրա՞ստ եք դրան: Ես տարիներ շարունակ հայ բնապահպաններին հորդորում եմ, որ կանաչների կուսակցություն ստեղծեն, նույնիսկ նրանց ծանոթացրել եմ Նոր Զելանդիայի կանաչների կուսակցության հետ, կարծում եմ դա արժե անել: Բնապահպանությունը կարեւոր է, բայց կարծում եմ՝ չարժե այն չարաշահել»: