Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանում ներկա են գտնվել «Տարեցների խնամքի ցերեկային կենտրոն»-ի բացմանը:

«Նուբարաշենի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տարածքում գտնվող շինությունը 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել էր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին՝ կենտրոն հիմնելու համար: Շինության նորոգումը հնարավոր է դարձել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու ֆրանսիական Առնուվիլի քաղաքապետարանի համագործակցությամբ եւ ֆինանսական աջակցությամբ: Ի դեպ, Նուբարաշենն ու Առնուվիլը համագործակցում են գործընկերության հուշագրի շրջանակում, իսկ այս գաղափարի իրականացմանը նպաստել է նաեւ ծնունդով նուբարաշենցի, ներկայում՝ Առնուվիլի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:

Կենտրոնի եւ կից գործող բարեգործական ճաշարանի հիմնական նպատակն է աջակցել տարեց, հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց՝ ապահովելով նաեւ տաք սնունդով: Հաստատության հատուկ որակավորված մասնագետները տարեցներին կմատուցեն առողջապահական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ, կապահովվի նրանց ժամանցն ու որոշակի զբաղվածությունը:

Թվով մինչեւ 80 շահառուների համար կառուցված տարեցների խնամքի ցերեկային կենտրոնը՝ բարեգործական ճաշարանով հանձնվել է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի շահագործմանը: