Առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը», որը կօգնի մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի եւ մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ուրախ եմ, որ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» արդեն սկսել է բնականոն գործել. կան առաջին հաղթողները, իրականացվում են առաջին ծրագրերը: Նպատակները շատ են, եւ հուսով ենք, որ հիմնադրամի աջակցությամբ շատերին կհաջողվի իրական հաջողության հասնել: Ավելացնեմ, որ առաջիկայում ավելի շատ ուշադրություն եմ դարձնելու մեր արվեստն աշխարհին ներկայացնելու համար առավել լայն հնարավորությունների ստեղծմանը:

Տեղեկացնեմ նաեւ մեկ այլ նախաձեռնության մասին. արդեն ավարտում ենք աշխատանքները եւ առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը», որը կօգնի մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի եւ մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը:

Մշակույթի, նորարարության, հասարակական եւ հոգեւոր առաջընթացի ցանկացած անհատական թռիչք սատարում պետք է ունենա, եւ մենք կփորձենք մեր ներդրումն ունենալ այդ գործին»։