Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովային:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից, դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաջողված ու դրական գնահատել Արդարադատության նախարարության մշակած Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը՝ հավելելով, որ կանի առավելագույնը ազգային կարողությունները Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում ներդնելու համար:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել բուլղարացի գործընկերոջը դրական գնահատականի և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: