Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին եւ Ջուդի Չուին:

Վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների այցը մեր երկիր եւ կարեւորել նրանց հետ հանդիպումը՝ Հայաստան-ԱՄՆ երկխոսությունը շարունակելու եւ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող կարեւոր փոփոխություններին եւ ընդգծել՝ ժողովրդավարությունը հայ հասարակության հավատամքն է, արժեքային համակարգը, Հայաստանը շարունակելու է այն հզորացնելու ուղղությամբ բարեփոխումները, եւ միջազգային գործընկերների աջակցությունը կնպաստի այդ օրակարգի արագ եւ հաջող ընթացքին:

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը եւ Ջուդի Չուն նշել են, որ հպարտ են այցելել Հայաստան, հանդիպել ՀՀ վարչապետին եւ մտքեր փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման շուրջ: Նրանք ընդգծել են՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հաջորդած ժամանակահատվածի ձեռքբերումները ոգեւորիչ են, եւ ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել վարչապետ Փաշինյանին եւ նրա գլխավորած կառավարությանը ժողովրդավարության զարգացմանը միտված բարեփոխումների օրակարգում: Ջեքի Սփիրը եւ Ջուդի Չուն նաեւ մանրամասներ են ներկայացրել Արցախ կատարած այցի վերաբերյալ՝ նշելով, որ տպավորված են Արցախի խաղաղասիրությամբ, ապահովության զգացողությամբ եւ քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ կոնգրեսականների այցը Արցախ եւ նրանց գնահատականները կարեւոր նշանակություն ունեն քաղաքական, նաեւ հումանիտար առումով եւ տեղեկացրել, որ Հայաստանը կարեւորում է Արցախում ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքացիական հասարակության զարգացումը: Արցախի ՏԻՄ ընտրությունների ընթացքը ցույց տվեց նշանակալի առաջընթաց այս ուղղություններով:

Վարչապետն ու ԱՄՆ կոնգրեսականները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ այս ուղղությամբ հայ-ամերիկյան գործակցության խորացման շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ՄԶԳ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շարունակման հարցերին: