Առաջիկայում միջանձնային հարաբերության կարողությունների դերն աննախադեպ կդառնա։ Տնտեսագետների միջազգային խումբը վերլուծել է կատարվող փոփոխությունները եւ մատնացույց է արել «զգացմունքների տնտեսության» մոտենալը, հայտնում է Hightech+-ը։

ՏՏ առաջին ալիքը արդեն մարդկանց փոխարեն բազմաթիվ ֆիզիկական աշխատանքներ է կատարում՝ ստուգում է սարքավորումները, մեքենաներ է հավաքում, վերանորոգում է եւ հաշվարկներ անում։ Այս անցումը սկսվել էԱրդյունաբերական հեղափոխությունից եւ սկիզբ է դրել ժամանակակից «բանականության տնտեսությանը», որտեղ աշխատանքն ու աշխատավարձը կախված են տեղեկատվությունը մշակելու, վերլուծելու, մեկնաբանելու կարողությունից։ Սակայն ՏՏ-ն արդեն սկսում է մեզանից խլել նաեւ այդ աշխատանքը, ասում է տնտեսագիտության պրոֆեսոր Ռոլանդ Ռաստը՝ Մերիլենդի համալսարանից։

«Դա նշանակում է, որ եթե մարդիկ ցանկանում են պահպանել աշխատանքը, նրանք պետք է լավ հասկանան զգացմունքները։ Այնպիսի բաներ, ինչպիսին են միջանձնային հարաբերությունները եւ զգացմունքային բանականությունը կդառնան ավելի պահանջված»,- հաստատում է նա։

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ աշխատանքի նախարարության 2006–2016թթ․ տվյալները, եւ աշխատանքային պարտականությունների մասին զեկույցների հիման վրա միլիոնավոր աշխատավորների առօրյա խնդիրները բաժանել են երեք խմբի՝ ֆիզիկական աշխատանք, մտավոր աշխատանք եւ զգացմունքային աշխատանք։ Արդյունքը ցույց է տվել, որ տեղաշարժ կա դեպի այն առաջադրանքները, որոնք կապված են զգացմունքների հետ, գրում է Science Daily-ն։

«Դա արդեն տեղի է ունենում,-ասել է Ռաստը,- Մենք արդեն տեսնում ենք այդ տեղաշարժը՝ զգացմունքները դառնում են ավելի կարեւոր, ոչ միայն թափուր աշխատատեղերի թվի, այլեւ աշխատավարձի չափի տեսակետից»։

Զգացմունքային բանականության գործածության հետ կապված աշխատանքներում աշխատավարձերի բարձրացումն ավելի շատ է, քան մտավոր աշխատանքում։

Վերցնենք, օրինակ, ֆինանսական վերլուծաբանի աշխատանքը։ Թվում է, թե պաշտոնը հիմնականում կապված է հաշվարկների եւ մտավոր աշխատանքի հետ։ Սակայն դա այդպես չէ, հաստատում են հետազոտությունները։ Վերջին տասը տարիների ընթացքում այդ աշխատանքը ավելի մեծ կողմնորոշում ունի դեպի զգացմունքները։ Ամբողջ վերլուծությունը կատարում են մեքենաները, իսկ մարդկանց մնում է նստել հաճախորդների դիմաց եւ հանգստացնել նրանց՝ պատմելով, որ շուկայի փլուզման մեջ սարսափելի բան չկա։ Քանի որ ՏՏ-ն սովորում է կատարել ավելի ու ավելի շատ տարատեսակ առաջադրանքներ, ընկերություններին անհրաժեշտ է հավաքել այնպիսի մարդկանց, որոնք կարողանում են շփվել այլ մարդկանց հետ։

Զգացմունքային բանականությունը, բանակցություներ վարելու եւ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը մոտ ապագայում ավելի շատ պահանջարկ կունենան։