BMW ընկերությունը գաղտնազերծել է 8-Series ընտանիքի նոր մոդելը՝ «լիցքավորված» M8 Gran Coupe սեդանը։ Ավտոմեքենայի արտադրությունը կմեկնարկի այս տարվա նոյեմբերին։ Ավտոմեքենայի մրցակից է համարվում Mercedes-AMG GT 63-ը։ Համաշխարհային վաճառքները կսկսվեն 2020թ․ ապրիլին, երբ հասանելի կլինի BMW M8 Gran Coupe First Edition-ի սահմանափակ շարքը, հայտնում է Autonews-ը։

Չորսդռնանի ավտոմեքենայի տանիքը ածխապլաստիկից է, անիվները 20 դյույմանոց են, բամպերները նոր են, արգելակային սկավառակները 6 մխոցանի են, լուսարձակները լուսադիոդային են։ Ավտոմեքենայի դիզայնի բոլոր մնացած տարրերը փոխառնված են 8-Series Gran Coupe-ի ստանդարտ տարբերակից։

Մեքենայի թափքում սպորտային նստարաններ են, ղեկանիվը լրացուցիչ կոճակներով է։ BMW 8-Series-ի համար բավարացիներն ավանդաբար հսկայական քանակությամբ օժանդակող համակարգեր են առաջարկում։ Վարորդին հասանելի են կռուիզ-կոնտրոլը՝ լիկատար կայանման գործառույթով, վերադասավորվելու եւ գծում մնալու ասիստենտը, գիշերային տեսանելիության համակարգը եւ կայանման ժամանակ օգնության գործառույթը։