ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել Սիրիայում գործողության համար, հակառակի մասին պնդումները ճշմարտացի չեն: Այս մասին PBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Դա սուտ է: ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել,- շեշտել է Պոմպեոն: - Հիշեք մեր առաջադրանքը [Սիրիայում]: Մենք եկել ենք վայր, որտեղ մարդկանց սպանում էին, այրում, վանդակների մեջ պահում: Նախագահը սկսեց խալիֆաթի ջախջախման արշավանք, եւ դրան հասանք»: Խոսելով զորքերը դուրս բերելու մասին՝ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է զինծառայողներին վտանգի չենթարկելու համար: 

«Մենք կշարունակենք մեր քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչական սպառնալիքներից»,- շեշտել է նա: Միաժամանակ, Պոմպեոն չի կարծում, որ Թուրքիայի գործողության գոտուց զորքերի դուրսբերումը կհանգեցնի  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերածնմանը:

«Ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա»,- ասել է Պոմպեոն՝ մեկնաբանելով ամերիկացի օրենսդիրների համապատասխան հայտարարությունները: - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հասկանում է սպառնալիքը»: