Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան մեկնաբանել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը։

Նրա խոսքով՝ թուրքական գործողությունները հանգեցնում են տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը եւ վատթարացնում հումանիտար դրությունը։

«Ռազմական լարվածության նոր թեժացումը բարդացնում է սիրիական ճգնաժամի լուծումը եւ ավելի վատացնում հումանիտար դրությունը։ Սիրիական ճգնաժամը չի կարելի լուծել ռազմական մեթոդներով»,- նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել էին հումանիտար աղետի ռիսկի մասին Սիրիայում թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողության պատճառով։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արեւելքում վերգետնյա հարձակում սկսելու մասին։