Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» Կոնվենցիայի ստորագրմանը:

Այս առնչությամբ, Արդարադատության նախարարության հիմնավորման մեջ նշվում է.

«ԱՊՀ պետությունների՝ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» կոնվենցիայի նախագծի նպատակն է ԱՊՀ  պետությունների  ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա միջազգային համագործակցության ամրապնդումը և քրեական արդարադատությանոլորտում փոխադարձ օգնության ընդլայնումը:

Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ և կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ։

Կոնվենցիայի նախագծով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու Պայմանավորվող կողմերի իրավունքները,հարցումներ ուղարկելու և պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը, պատժի կատարումը փոխանցելու կարգը, պատժի կատարումը փոխանցելու հետևանքները սահմանող դրույթներ՝ պատժի նշանակման  և պատժի կատարման պետությունների համար, ինչպես նաև դատական վճռի վերանայման, ներման և համաներման հետ  կապված իրավահարաբերություններ»: