Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի արգելոցում սատկել է Կագա անունով կովը, որը երկվորյակ քրոջ հետ աշխարհում առաջին կլոնավորված կովն էր:

Կագան ապրել է 21 տարի եւ 3 ամիս ու մահացել ծեր լինելու պատճառով, հինգշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը: Այս կովի երկվորյակ քույրը՝ Նոտոն, սատկել էր անցյալ տարի՝ նույնպես բնական պատճառով: Երկու կովն էլ ժառանգներ են թողել:

1998 թվականի հուլիսին ծնված Նոտոն եւ Կագան կլոնավորվել էին Կինդայ համալսարանի մասնագետների կողմից, որոնք օգտագործել էին մեծահասակ առանձնյակի ցողունային բջիջները: Կլոնավորելիս կիրառվել էին նույն տեխնոլոգիաները, ինչ 2 տարի ավելի վաղ Դոլլի հռչակավոր ոչխարի ստեղծման ժամանակ:

Նշվում է, որ սովորական կովերի կյանքի միջին տեւողությունը մոտ 20 տարի է: Այս ցուցանիշով Կագան եւ Նոտոն լիովին համապատասխանել են այլ կենդանիներին: