Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում հիմնանորոգումը շարունակվում է։ Հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի եւ մայթերի կառուցման աշխատանքներ։

Մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ներկայում իրականացվում են հենապատի կառուցման, ստորգետնյա կապի մալուխների անցկացման համար անհրաժեշտ խողովակների տեղադրման եւ դրա հետ կապված հողային աշխատանքներ։ Նշենք, որ գործող երթեւեկության պայմաններում աշխատանքների՝ միանգամից, ամբողջ ծավալով իրականացումն անհնար է, քանի որ ճանապարհը բավականին նեղ է, եւ այդ պարագայում կփակվի ամբողջ երթեւեկելի մասը։

Այս հանգամանքից ելնելով՝ մոտավորապես մեկ շաբաթ հետո, երբ կապի մալուխների խողովակների մեծ մասը տեղադրված կլինի, եւ փորված խրամուղին կծածկվի, նշված հատվածում կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։

Կապալառու կազմակերպության կողմից նաեւ աշխատանքներ են տարվում՝ մինչեւ տարեվերջ նշված հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու եւ երթեւեկելի պայմաններ ապահովելու համար։

Տեղեկացնենք, որ նորոգվելու են նաեւ Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջները. վերականգնման նախագծային աշխատանքներն ավարտված են, եւ այժմ իրականացվում է կամուրջների վերականգնումը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրում ներառելու գործընթացը։

Նշենք նաեւ, որ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման վերջնաժամկետը 2020թ. նոյեմբերն է։