Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի օրենսդրական նախաձեռնությանը: Վերջին առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ, առաջարկվում է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ԱԺ աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, ՍԴ աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի որոշման կարգը, որով անուղղակիորեն կարգավորում է նաեւ այդ աշխատողների հիմնական աշխատավարձի չափը:

Նախագծով առաջարկվում է վերոհիշյալ աշխատողների աշխատավարձի ֆոնդը որոշել` հիմք ընդունելով պետական հատվածում 50 եւ ավելի աշխատող ունեցող կազմա-կերպություններում տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշը` հաշվի առնելով նաեւ գնաճի ցուցանիշը: 

Նախագծով առաջարկվում է բարձրացնել միայն վերը նշված գերատեսչություններում համապատասխան աշխատողների աշխատավարձը: Նախագծից պարզ չէ, թե ինչով է հիմնավորվում միայն նշված խմբի աշխատողների աշխատավարձի բարձրացումը, որը բովանդակային առումով  հատվածական լուծում է եւ չի բխում պետական իշխանության մարմիններում ներդրված աշխատավարձի միասնական համակարգի սկզբունքներից: Այն նաեւ չի արտահայտում աշխատավարձի վերանայման ընդուն-ված մոտեցումները, (որպես կանոն աշխատավարձի վերանայումների համար հիմք է ընդունվում նվազագույն աշխատավարձի փոփոխությունը):

Բացի դրանից, նախագծի հիմնավորման մեջ քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի որոշման հա-մար հիմք ընդունվող մեծությունը՝ 132280 (66140*2) համեմատվում է 2013 թվականի ՀՀ տնտե-սության միջին աշխատավարձի հետ եւ այդ մեծությունը (132280) համեմատության մեջ ներկա-յացվում է ՀՀ տնտեսության  2018 թվականի միջին աշխատավարձի ցուցանիշի հետ, որի հիման վրա հաշվարկվում է այդ խմբի աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշ (բարձրացման միտումով): Մինչդեռ Օրենքի հիմքում նման տրամաբանություն դրված չէ, որով պայմանավորված հիմնավորված չէ նաեւ առաջարկվող չափով աշխատավարձի ֆոնդի եւ դրան համապա-տասխան աշխատողների աշխատավարձի բարձրացումը (եթե 2020 թվականի համար հիմք ընդունվի 2018 թվականի համար հաշվարկված համանուն ցուցանիշը (171454 դրամ), ապա առանց գնաճի ցուցանիշի հաշվարկի աշխատավարձի ֆոնդը, մեր մոտավոր գնահատմամբ, կաճի շուրջ 30 տոկոսով):

Վերը նկարագրված խնդիրներից բացի, ներկայացված առաջարկության ընդունման դեպքում կստեղծվի մի իրավիճակ, որի պարագայում քաղաքացիական կամ պետական այլ ծառայողների հիմնական աշխատավարձը ավելի ցածր կլինի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի աշխատակազմի, վարչապետի աշխատակազմի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնողների հիմնական աշխատավարձից:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական իշխանության մարմին-ներում աշխատավարձերի բարձրացումը դիտարկում է վարձատրության միասնական համակարգի շրջանակում, որի ուղղությամբ ներկայում իրականացվում են աշխատանքներ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: