Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների (Գեւորգ Պետրոսյան, Արման Աբովյան, Քաջիկ Գեւորգյան, Դավիթ Մանուկյան եւ Արայիկ Աղաբաբյան) օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ կարգապահական տույժի կիրառումից առաջ գործատուն աշխատողից խախտման մասին գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջը եւս պետք է ներկայացնի գրավոր կերպով:

Նախագծով ներկայացվող կարգավորման վերաբերյալ կառավարությունը բովանդակային առաջարկություններ չներկայացրեց:

Նախագծով առաջարկվում է 226-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»: