Այսօր լրանում է Միայնակ Գայլ Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի երկնային կյանքի մեկ տարին: Այս առնչությամբ «Սասնա ծռեր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Արդեն մեկ տարի է, որ Ազատամարտի մարմնացյալ խորհրդանիշը եւ Ապստամբության ոգու ասպետը մեզ հետ չէ: Արայիկ Խանդոյանը ոչ մի անձնական երազանք եւ նպատակ չուներ: Արցախն ազատագրելուց հետո նրա միակ իղձն էր՝ մաքրել երկիրը պատած կեղտը եւ ստեղծել ազգային-ժողովրդավարական պետություն: Ի կատարումն այդ իղձի, նա զոհաբերեց ամեն ինչ, սակայն նրա բոլոր ակնկալիքներն անանձնական էին՝ հանուն ազգի եւ պետականության:

Նա նաեւ ստիպված եղավ զենք վերցնել ու ապստամբել ընդդեմ ազգադավ բռնապետության, երբ տեսավ, որ իր եւ իր հազարավոր ընկերների արյան ու տառապանքի գնով ձեռք բերված Արցախը եւ պետական ինքնիշխանությունը վաճառքի առարկա են դարձել:

Բայց, երբ տեսավ, որ պետությունը զավթած ազգադավ տականքն իր դեմ է բերում մոլորյալ երիտասարդ ծառայողներին, նրա, այդ գերմարտիկի ձեռքը չբարձրացավ եւ նա զենքը վայր դրեց ու իր իսկ Հայրենիքում դարձավ ռազմագերի: Քայքայված առողջությամբ, սակայն ժպիտը դեմքին տարավ բանտային տարիների ծանր բեռը, գլխավոր ազգադավ Սերժ Սարգսյանի հրամանով ենիչերիական ոստիկանության ձեռքով դաժանաբար ծեծվեց դատարան կոչվող դատաստարանի նկուղում, բայց միշտ մնաց, ինչպես ինքն էր ասում՝ ամուր եւ կանգուն մեր լեռների պես: Որքան էլ զարմանալի թվա, նրա ամենամեծ ցավն իր իսկ ցանած սերմից ծիլ տված հեղափոխության խորթությունն ու ապերախտությունն էր, որ նույնիսկ երկինք տեղափոխվելուց հետո շարունակում է նրան ուղեկցել:

Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվում հերոսին դաժանաբար ծեծելու հրաման տվողներն ու կատարողները, որոնց այդ քստմնելի արարքն ըստ էության նրա վաղաժամ մահվան պատճառը դարձավ:

Հեղափոխությունից հետո նա ամիսներ մնաց բանտում եւ այնտեղից դուրս եկավ՝ մնալով որպես ամբաստանյալ, լքեց այս աշխարհը որպես ամբաստանյալ եւ մինչ օրս էլ ամբաստանյալ է ազգադավ բռնապետությունից մնացած դատաիրավական համակարգի համար: Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս համապատասխան պաշտոնյաների, բութ լկտիությամբ ամիսներ շարունակ խաբեց ու քաշքշեց նրա եւ նրա կողքին Եռաբլուրում հանգչող երկու հրամանատարների շիրիմները ճարտարապետորեն եւ գեղագիտորեն համալիրացնելու նախագծի հեղինակ Անահիտ Թարխանյանին եւ նախաձեռնող խմբին: Հուշահամալիրի կառուցման այդ նախաձեռնությունը միտումնավոր կերպով ձախողելու պատճառն այն է, որ Արայիկ Խանդոյանը, ազատամարտիկ լինելուց զատ, նաեւ ապստամբ է, իսկ հուշահամալիրը լրացուցիչ ձգողականություն կհաղորդեր երիտասարդության ուխտատեղի դարձած նրա շիրիմին, մինչդեռ դա անընդունելի է ազգադավ համակարգի մնացորդների համար: Հանուն Արայիկ Խանդոյանի հիշատակի հանդեպ հարգանքի մեր առաջնային պարտքը նրա նկատմամբ հեղափոխության խորթության եւ ապերախտության հաղթահարումն է՝ հեղափոխության գործնական արդյունքները նրա բարձունքին հասցնելու ձեւով»: