Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը գործում է սովորական ռեժիմում: Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

«Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ղեկավարի հետ րոպեներ առաջ ենք խոսել: Առաքելությունը բնականոն հունով շարունակվում է»,- հայտնեց Նազելի Էլբակյանը: Նա միաժամանակ հստակեցրեց, որ առաքելության մշտական տեղակայման վայրը բավական հեռու է Ղամշլի քաղաքից։

«Առաքելությունն այլ հանձնարարություն չի ստացել: Հայ բժիշկներն ու ականազերծողները Հալեպում շարունակում են իրենց ամենօրյա առաքելությունը»,- նշեց Նազելի Էլբակյանը՝ հավելելով, որ այս պահին որոշում է ընդունվել հումանիտար առաքելությունը հետ չկանչելու մասին։