Իր պատմության ամբողջ ընթացքում հայերը եղել են համաշխարհային առեւտրային ազգ եւ առեւտրային ցանցեր են ստեղծել Սինգապուրից մինչեւ Վենետիկ եւ Կահիրեից մինչեւ Ամստերդամ: Այս մասին հոկտեմբերի 10-ին Երեւանում ընթացող «Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» հայկական առեւտրային ցանցի չորրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանություններն այսօրվա դրությամբ ստանձնել են ինկլյուզիվ, ինովացիոն եւ զարգացած տնտեսություն կառուցելու առաջադրանք:

«Մեր խնդիրն է այնպիսի երկրի կառուցումը, որը կլինի մրցունակ, որպես երկիր կապահովի իր քաղաքացիների բարգավաճումը, որը համընթաց է քայլում աշխարհի առաջավոր երկրների հետ: Վստահ եմ, որ ձեզ էլ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող եւ ընթացող փոփոխությունները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ձեռնարկատերերի կողմից ներդրումների իրականացման լավագույն պայմաններ ստեղծելու համար»,- նշեց Ավինյանը:

Ընդ որում՝ նա շեշտեց, որ տնտեսական եւ ժողովրդագրական վերակառուցումը չի կարող լիարժեք լինել առանց հայկական սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության: