Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության, Գյումրիի քաղաքապետարանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» եւ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2,65 մլն եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով: Իսկ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2 մլն եվրո միջոցների ներգրավում:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը Գյումրի քաղաքում հիմնական Ճանապարհների վերակառուցում եւ հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում, մասնավորապես.

ճանապարհածածկույթի եւ մայթերի նորոգում, ինչպես նաեւ ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում,

հետիոտնային նոր տարածքների կառուցում,

քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում եւ

ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: 

Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ընտրված ճանապարհների վերակառուցմանը, ներառյալ` մայթերի եւ ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների եւ փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գյումրիում հյուրանոցային տնտեսությունը նույնպես ընդլայնվելու կարիք ունի եւ արդեն կան ներդրումային ծրագրեր. «Շատ կարեւոր է, որ կառավաությունը շատ արագ արձագանքի այս հարցերին, որպեսզի նոր հյուրանոցներ կառուցելու գործը արագ առաջ գնա, որպեսզի այն տեմպը զբոսաշրջության առումով, որ վերցրել է Գյումրին այս տարի, չկոտրենք այդ տեմպը»: