Ինչպես առավել վաղ հայտնել էի, ես և իմ գործընկեր Վահե Եփրիկյանը միջնորդել էինք, որպեսզի Մութաֆյանի և Օհանջանյանի գործով ձերբակալվի և հարցաքննվի նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ դատարանի նկատմամբ «վնգստացող» եզրույթը առաջին անգամ կիրառել է նա: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա գրել է. «Հանրությունը սխալ ընկալեց այս միջնորդությունը և այն որակեց հակահեղափոխական: Ի սկզբանե ցանկանում եմ ընդգծել, որ ես անվերապահորեն աջակցել եմ հեղափոխությանը և վերջինիս լիդերին: Ներկայումս ես փաստաբան եմ և որևէ քաղաքական միավորի աջակցելու իրավունք չունեմ՝ հասարակական պարտքի բերումով. ինձ համար բոլորը մեղավոր են կամ բոլորը անմեղ են, քաղաքական ճաշակը իմ գործունեության մեջ տեղ չունի: Անտրամաբանական է փաստաբանից պահանջել կանգնել իշխանության կողքին: Փաստաբանը պետությանը դիմադրող, զսպող ինստիտուտ է: Եթե փաստաբանությունը պետության կողքին է, պետության մեջ ինչ-որ մի բան սխալ է ընթանում: Ըստ այդմ՝ ինձ համար օրենքի առջև հավասար են բոլորը՝ վարչապետները, ակտիվիստները, նախարարները, պատգամավորները, աներձագները և այլն: Մութաֆյանի և Օհանջանյանի գործով Նիկոլ Փաշինյանը եղել է օրենքի առջև առավել հավասար, քան վերջիններս: Սա անընդունելի է:

Եթե պետության ազդակ-ռեակցիան այն է, որ դատավորին «վնգստացող անվանելը» միջամտություն է հարցի քրեաիրավական իմաստով, ապա քրեաիրավական տիրույթ պետք է ընկնեն բոլոր նրանք, ովքեր դատավորին «վնգստացող» կանվանեն: Հակառակ պարագայում խախտվում են օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սահմանադրաիրավական պատգամները:

Ի դեպ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գրավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնրոդությունը ներկայացվել է սույն թվականի սեպտեմբերի 28-ին, սակայն մինչ օրս որևէ պատասխան մեզ չի տրամադրվել:

Այս առումով՝ ՀՀ Քննչական Կոմիտեից պահանջում եմ պարզաբանումներ՝ ինչու է մեր միջնորոդությունը արհամարհվել՝ քրեադատավարական կարգի խախտմամբ, և ով է պատասխանատու դրա համար. պահանջում եմ լուծել իրավասու քննիչի կարգապահական պատասխանատվության հարցը»: