Խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք եւ ուշադրությունս գրավեց, որ այս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա կարծում եմ՝ հիշարժան փաստ է, որովհետեւ ես չեմ հիշում նման բան, որ խաղաղի մթերման ժամանակ կառավարությունը սթրեսային եւ ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սա շատ լուրջ հաջողություն է, հույս ունեմ, որ այդպես կշարունակվի: Սա պատահականություն չէ, կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք նախորդ տարվանից սկսած ՊԵԿ-ի միջոցով»,-հայտարարեց Փաշինյանը:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ երեկվա դրությամբ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղաղ, ինչը մոտ 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարիների ցուցանիշներն են. «Երեք խոշոր  ընկերությունները մոտ 90 հազար տոննայի չափով եմ խաղաղ մթերել: Կոնյակի խաղողի մթերման միջին գինը կազմել է 150-155 դրամ, նախորդ տարի այդ գները 140-150 դրամ էին»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանրապես, տեսակետ կա, որ մեր վիճակագրության մեթոդաբանության եւ աղբյուրների հետ կապված մեծ աշխատանք կա անելու, որ ավելի ճշգրիտ արտահայտվի իրականությունը:

Ազգային վիճակագրական կոմիտեի  նախագահ Ստեփան Մնացականյանն էլ ասաց, որ խաղողի մթերումների վիճակագրություն չի վարվել, եւ իրենք հավաքագրում են արտադրված գյուղմթերքը: Վարչապետը հետաքրքրվեց այգիների հաշվառմամբ եւ ասաց, որ շան գլուխն այդտեղ է թաղված, ինչին ի պատասխան Ստեփան Մնացականյանն ասաց, որ ընթացիկ հաշվառումներ իրականացնում են համայնքապետարանների կողմից:

«Իսկ խաղողի այգիների վերաբերյալ տեղեկատվություն չե՞ք վարում: Ասում են, որ շան գլուխն այդտեղ է թաղված»,-ասաց վարչապետը: