Այս պահի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ամենայն հավանականությամբ, էլ կարիք չի լինի ջուր բաց թողնել: Եթե լինի էլ, շատ փոքր ծավալների մասին է խոսքը: մենք ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չունեցանք, այլ մոտ 30 մլն խմ-ով պակաս ջուր վերցրեցինք Սեւանից: Սա մոտավորապես այնքան է, որքան նախորդ տարի նախատեսվածից ավել վերցրել էինք: Այսինքն նաեւ նախորդ տարվա վերցրածն ենք կոմպենսացրել; Այս պահի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի է: Ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին»,-ընդգծեց նախարարը:

Նա նաեւ հավելեց, որ հաջորդ տարիների համար հնարավոր է նվազեցվի ջրի պահանջարկը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավալեց, որ ճիշտ աշխատանքի պարագայում կարելի է հասնել ավելի լավ արդյունքների. «Սա նվազագույնն է, որ հասել ենք: Մյուս տարի ավելի լավ ցուցանիշներ կարձանագրենք»:

Նիկոլ Փաշինյանը արաձագանքեց. «Շատ համարձակ հայտարարություն եք անում, մանավանդ անկանխատեսելի եղանակային պայմանները հաշվի առնելով: Բայց արդեն ասացիք»:

Նշենք, որ օրենքով սահմանված է, որ տրեկան Սեւանից կարելի է իրականացնել 170 մլն խմ ջրառ: Նախորդ տարի այդ ցուցանիշից 40 մլն խմ-ով ավելի ջուր է վերցվել, իսկ 2017-ին 100 մլն խմ-ով ավելի: