Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք բազմաարժութային վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումն ընդլայնելու  նպատակով։  Պայմանագիրը ստորագրվել է  այսօր՝ հոկտեմբերի 10-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում՝ «Ազգային արժույթով ֆինանսավորման ուժը» թեմայով համաժողովի ընթացքում, որտեղ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նաեւ հանդես է եկել ելույթով՝  ներկայացնելով ազգային արժույթով ֆինանսավորման կարեւորությունն ու ազդեցությունը։

Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ  հերթական համագործակցությունը հնարավորություն կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝  միկրո եւ փոքր ձեռնարկություններին առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան ֆինանսական պրոդուկտներ՝ դրանով իսկ խթանելով  Հայաստանում այս կարեւոր հատվածի զարգացումը եւ  ստեղծելով նոր աշխատատեղեր:

2010թ․-ից ի վեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանում է Հարավ-արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի կարեւոր գործընկեր։  Բանկի կայուն դիրքը, լայն մասնաճյուղային ցանցը եւ ռազմավարական կողմնորոշումը դեպի փոքր բիզնեսի շուկա հնարավորություն են տվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ եւ  EFSE-ին  հայաստանյան միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համար  մինչ օրս գեներացնել ավելի քան 58 միլիոն եվրո: Նոր ներդրումը կշարունակի այդ տեմպը՝ իր մեջ ներառելով ինչպես  ԱՄՆ դոլար, այնպես էլ  ազգային արժույթ։ Վարկավորման այս տեսակը բանկին հնարավորություն կտա ավելի  ճկուն սպասարկել ձեռնարկատերերի ֆինանսավորման  կարիքները` չեզոքացնելով արժութային ռիսկի ուղղակի ազդեցությունը:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է,  որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նման գործընկերներն անհրաժեշտ են EFSE-ին՝ օգնելու իրականացնել  տեղական բիզնեսների համար կայուն ֆինանսների հասանելիության ընդլայնման իրենց առաքելությունը: «Նպաստելով ազգային արժույթով վարկերի տրամադրմանը՝ մենք միասին ներդրում ենք կատարում փոքր բիզնեսների կայունության եւ ապահով աճի մեջ, որոնք երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից են»,-ընգդծել է նա։ 

Իսկ  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը փաստել է, որ  համագործակցության ինը տարիների ընթացքում  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսավորել է 1500-ից ավելի բիզնես ծրագրեր տարբեր ոլորտներում՝  ստեղծելով հավելյալ արժեք ինչպես վարկառուների, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։ Նրա խոսքերով՝ նոր պայմանագրի կնքումը ծրագրի շահառուներին զերծ կպահի արտարժութային ռիսկերից, ինչն իր հերթին կբարձրացնի ընկերությունների շահութաբերությունը եւ մրցունակությունը  տեղական շուկայում։  ‹‹Ես ուրախ եմ այս պայմանագրի ստորագրման առիթով, ինչը  կրկին անգամ  հավաստում է  մեր փոխվստահության  եւ շարունակական համագործակցության մասին», -ասել է Ա․ Օսիպյանը։