Ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցումը վկայում է հայկական հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստվածության լավ մակարդակի մասին: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ Իսրայելը հույս ունի, որ արցախյան հակամարտությունը կկարգավորվի, եւ այդ ժամանակ բացասական աշխարհաքաղաքական իրավիճակ չի լինի:

Նա նկատեց, որ Իսրայելը տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան, ռազմական արտադրանքի առաջատար արտահանող երկիր է: Ընդ որում, Ցինկերը չմոռացավ նշել, որ Ադրբեջանին զենք է մատակարարում նաեւ Ռուսաստանը:

«Կա ըմբռնում, որ որեւէ երկրի հետ հարաբերությունները չպետք է կառուցվեն երրորդի դեմ։ Մյուս կողմից՝ կա Իրանը, որը չի թաքցնում Իսրայելը ոչնչացնելու իր ցանկությունը, ուստի այն ամենը, ինչ կատարվում է Իրանի շուրջ, չի կարող չհետաքրքրել Իսրայելին։ Ադրբեջանը, մի կողմից, սահմանակից է Իրանին, մյուս կողմից՝ լավ հարաբերություններ ունի Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ, որոնց, ինչպես եւ մուսուլմանական շատ այլ երկրների հետ Իսրայելը լավ հարաբերություններ ունի»,- ավելացրեց Ցինկերը։

Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին՝ հասարակական կազմակերպության համանախագահն ընդգծեց, որ Թուրքիան վերածվել է աշխարհի առաջատար երկրներից մեկին հակասեմիթիզմի մակարդակով, եւ այս իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների մակարդակը կարող է փոխվել միայն Էրդողանի հեռանալով։

«Կարեւոր է, որպեսզի վատ քաղաքական հարաբերությունները երկրների ղեկավարությունների մակարդակով չվերաճեն վատ հարաբերությունների ժողովուրդների միջեւ»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի բանակի ՀՕՊ ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին Ակնայի տարածքում խփել են «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք, որը հետախուզական թռիչք էր կատարում: