Պետության զարգացման ճանապարհին կարեւոր է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների փոխակերպումը։ Այս մասին հայկական առեւտրային ցանցի «Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» չորրորդ համաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում Երեւանում հոկտեմբերի 10-ին, ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Այս համատեքստում նա կոչ արեց մասնակիցներին Հայաստանը դիտարկել որպես սեփական բիզնեսի զարգացման երկիր։

«Կան շատ օրինակներ, թե ինչպես են մեր սփյուռքահայ հայրենակիցները ստեղծել եւ զարգացրել իրենց ձեռնարկությունները Հայաստանում՝ արդյունքում ապահովելով կայուն զբաղվածություն, կորպորատիվ մշակույթի զարգացում, շուկայում որակի բարձրացում մրցակցության միջոցով»,- ասել է Ավինյանը։

Նա նաեւ ասել է, որ հայերի հաջողության կարեւորագույն գործոններից մեկը գաղափարների եւ փորձի մշտական շրջանառությունն է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, իսկ դրա համար պետք է իրականացնել հավակնոտ ծրագրեր եւ նախաձեռնություններ։

«Այս առումով կառավարությունը մասնագիտական հայրենադարձության հարցը դիտարկում է՝ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի համար, որոնք բարձր մասնագիտական պատրաստվածության մակարդակ ունեն»,- ընդգծել է փոխվարչապետը։

Ավինյանը նշել է, որ այս շաբաթ անցկացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը լավ պատրվակ է հանդիսացել աշխարհի տարբեր անկյուններում հաստատված հայերի, ինչպես նաեւ օտարերկրացիների համար՝ տեսնել լավ հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ մտածել Հայաստանում այդ ուղղությամբ գործունեություն ծավալելու մասին։