Այլեւս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող գնումներին մասնակցել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա նոր ինստիտուտ են ներդնում, որը ենթադրում է գնումների մասնակցելու համար 100 տոկոս երաշխիքի առկայություն:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը խնդրեց, որ օրենքն ուժի մեջ մտնի նոր տարուց, որպեսզի հնարավոր լինի ռիսկերը կառավարել, գնումներին մասնակցող ընկերություններին տեղեկացնել այդ մասին:

Սա հունից հանեց Փաշինյանին. «Չենք կարող, դեռ անցած տարվա հունվարի 1-ից պետք է ուժւի մեջ մտներ: Պետք չի հիմա ասել, թե սա ռիսկեր կառաջացնի: Կառաջացնի կկառավարենք: Եկեք բարձր նշաձող դնենք, տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Չենք կարա թռնենք այդ նշաձողով, կիջեցնենք: Ոչ թե ցածրը թռնենք, հետո դրա վրա սովորենք:

Լիքը ընկերություն կա, որ ցույց են տալիս, որ ընկերություն են, բայց իրականում ընկերություն չեն: Պետք է հրաժարվել դրանցից: Գնումներին շինծու մասնակցությունների հարցը սրանով լուծվում է: Այլեւս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող գնումներին մասնակցել: Թող գնան բերեն բանկային երաշիք: Հեչ հաճելի չէ գնում անել, մրցույթ կազմակերպել, տալ, հետո քրեական գործ հարուցել եւ 5 տարի քննել այդ գործը: Պետք է ռիսկերը նախապես կառավարել: Երկիրը բլոր ոլորտներում յոլա գնալու տրամաբանությունից պետք է դուրս գա»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ գնումների գործերով տասնյակ քրեական գործեր կան այս պահին:

Վարչապետը նկատեց, որ այս գործիքը թույլ չի տա մրցույթին մասնակցող ընկերությանը այնպիսի ցածր գին առաջարկել, որ հնարավոր չլինի իր պարտավորությունները կատարել այդ գնով, որովհետեւ բանկը այդպիսի գնի պարագայում երաշխիք չի տա: