«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները կարող էին փախչել սիրիական Ղամիշլի քաղաքի բանտից, որը գնդակոծում էին թուրքական զորքերը։ Այս մասին հինգշաբթի Բյուսելում ՏԱՍՍ-ին տեղեկացրել է դեմոկրատական Սիրիայի քրդական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդը։

«Մենք կարծում ենք, որ  «Դաիշ»-ի (արաբերեն անվանումը) անդամները կարող էին փախչել Ղամիշլիի բանտից, որը գնդակոծվում էր Թուրքիայի կողմից»,- ասել է նա։

Հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» նոր ռազմական գործողություն սկսելու մասին։ Նպատակն այնտեղ բուֆերային գոտի ստեղծելն է, որտեղ, ըստ Անկարայի, կկարողանան Թուրքիայից վերադառնալ սիրիացի փախստականները։ ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան պահանջել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։