Կառավարության նիստի դռնփակ հատվածում քննարկել ենք Սիրիայում տիրող իրավիճակը, մեր ուշադրության կենտրոնում են Սիրիայի այն բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս պահին հանձնարարական կա քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել: Նաեւ հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել: Անվտանգության խորհրդի գրասենյակում, հենց վերադառնամ, արդեն ավելի մանրամասն պլանները կմշակենք, օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կունենանք»,-ասաց նա:

Անդրադառնալով Սիրիայում գտնվող հայկական մարդասիրական առաքելությանը, նա նշեց. «Բնականաբար Սիրիայում ընդհանուր զարգացումներն ազդում են հայկական հումանիտար առաքելության վրա, բայց այս պահին լուրջ մարտահրավերներ չկան: Սիրիայում մեր առաքելության մասով լուրջ անհանգստանալու խնդիր չունենք»:

Նա հավելեց, որ հայկական առաքելությունը ռազմական գործողություններում չի  ներգրավվելու. «Այն միտքը, որ դա հումանիտար առաքելություն է, չի կարող որեւէ ձեւով մասնակցություն ունենալ ռազմական որեւէ գործողության»:

Նշենք, որ երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիա: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ դատապարտում է ներխուժման այդ գործողությունը: Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հայտարարեց. «Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ մեր գնահատմամբ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, եւ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»: