Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հարցը այլեւս գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, իրավապահ մարմինները զբաղվելու են այդ հարցով. գիտեք, որ արդեն ԱԱԾ-ում գործը քննվում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե եթե այսօր պատասխանելու լիներ Բալասանյանին, նույնկերպ պարտահայտվեր:

Հիշեցմանը, որ լուսանկարներ հրապարակվեցին, որ ինքը Վիտալի Բալասանյանի հետ հաց է կիսել, իսկ հիմա նրան «խուլիգան» է անվանում, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Եթե նման հարցադրում եք անում, առաջին հերթին իրենից պետք է այդ հարցը ճշտեք, որովհետեւ ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել: Առաջինը ինքն է հարցազրույց տվել, խոսել թեմաների մասին»:

Դիտարկմանը, որ իր պատասխանով կարող է լարվածություն առաջացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ, նա արձագանքեց. «Ընդհանրապես այսպիսի մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջեւ ինչ-որ խոսակցություն է լինելու, դա ընդհանուր կարող է ազդել երկրների հարաբերությունների վրա: Դա այդպես չի, եւ Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել: Տրամաբանությունը եւ ամբողջ համակարգը որ կա, չեն կարող այդպիսի զարգացումներ լինեն:

Նա անդրադարձավ նաեւ Վիտալի Բալասանյանի հերոս լինելը հիշատակելուն. «Սա շատ ֆունդամենտալ հարց է, որը մեր հասարակությունը երկար ժամանակ քննարկում է: Որեւէ մեկի վերաբերյալ քննարկում չի եղել այն ժամանակահատվածի վերաբերյալ, որում իրենք հերոսական վարքագիծ են դրսեւորել, եւ մեծ ներդրում են ունեցել Արցախի պաշտպանության եւ հաղթանակի մեջ: Ոչ միայն Վիտալի Բալասանյանի, այլ շատ գործիչների կոնտեքստում է քննարկվում, որ իրենք ժամանակին իրենց ներդրումն են ունեցել: Ես էլ հեղափոխության ժամանակ ինչ-որ ներդրում եմ ունեցել, արդյոք ես իրավունք ունե՞մ հավելյալ ինչ-որ բաներ անելու: Կարծում եմ՝ ոչ: Դա չի նշանակում, որ ես իրավունք ունեմ օրենք խախտելու: Ես պարտավոր եմ հարգել հենց այդ հաղթանակը, այդ հեղափոխությունը: Բոլորս պարտավոր ենք հարգել Արցախի հաղթանակը եւ ավելի պատասխանատու վարքագիծ դրսեւորենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հարցազրույց է տվել Livenews.am-ին, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որը արեւմտյան ուժերի կողմից ներդրված պրոյեկտ է, եւ Նիկոլ Փաշինյանը կատարածու է:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը տանում է կործանման: Ես սթափության կոչ չեմ անում. նրանք պետք է օր առաջ իշխանությունը հանձնեն եւ ինքնակամ ներկայանան ՀՔԾ»,-ասել է Բալասանյանը եւ ընդգծել է, որ Հայաստանը բռնազավթված է եւ Արցախը դիմակայելու է դրան:

Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, նաեւ՝ իրեն եւ իր նմաններին. «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թեւ, կարող եմ մի փոքր հրաման տալ, եւ «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն»,- ասաց նա:

Բալասանյանը նշել է, որ ուզում է մեկ բառ ասել, որը ժամանակին էլ է ասել, Նիկոլ Փաշինյանն էլ լսել է. «Ցռան Վերգո»-ի տպավորությունը Նիկոլ Փաշինյանն է եւ իր կողմնակիցները: Մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի՝ թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա: Երբ 2016 թվականին մենք ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք: Հիմա հայտարարում եմ՝ բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք: Նրանք, որոնք փորձեն ոտնձգություն իրականացնել թե իմ, թե մեր ժողովրդի, թե պետության, թե պետականության, թե սահմանների. Ղարաբաղի իշխանություններին է վերաբերում:

Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»,- եզրափակել է Բալասանյանը:

Իր հերթին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը արձագանքել է Վիտալի Բալասանյանի այս հայտարարություններին՝ նշելով, որ նա իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: