Ավտոներկրողները այսօր՝ հոկտեմբերի 10-ին, բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով աջ ղեկով մեքենաների վերասարքավորումը կազմակերպել Հայաստանում: Լրագրողների հետ զրույցում ավտոներկրողներից մեկն ասաց, որ ճապոնական ավտոմեքենաների աջ ղեկը վերասարքավորում են Վրաստանում, եւ վերասարքավորման գումարները վճարում են վրացի արհեստավորներին։

«2019 թվականի մարտ ամսից արգելվեց Հայաստանում վերասարքավորել աջ ղեկով մեքենաները, եւ այդ մեքենաները վերասարքավորվում են Վրաստանում։ Հայաստանում այդ մեքենաների պահանջարկը շատ մեծ է, ստեղծվել է մի իրավիճակ, որ արդեն այդ վերասարքավորող արհեստավորների մոտ չենք կարողանում մեր մեքենաները  վերասարքավորել»,- նշեց ավտոներկրողներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ 2020 թվականի հունվարի 1-ից բարձրանալու է ավտոմեքենաների մաքսատուրքը, եւ իրենք այդ դեպքում ժամանակի խնդիր ունեն. «Չենք հասցնում այնտեղ վերասարքավորել։ Ուզում ենք դիմել վարչապետին, որ մեզ թույլ տա այդ մեքենաները վերասարքավորել Հայաստանում։ Մինչեւ հունվարի 1-ը տեղափոխենք, չնայած որ այդ ժամկետների հետ կապված կրկին խնդիր կա, քանի որ Փոթի նավահանգստում ահռելի հերթեր են»։

Ավտոներկրողներից Զոհրաբ Իգիթյանն ասաց, որ մեկ մեքենայի ղեկ փոխելը Վրաստանում արժե 1000-1400 ԱՄՆ դոլար, որը կարելի է իրականացնել նաեւ Հայաստանում.

«Չգիտես՝ ինչու վրացիներն ու թուրքերը կարողանում են նորմալ ստանան իրենց ավտոմեքենաները Փոթի նավահանգստից, իսկ հայերի մեքենաները ուշացնում են մի ամսից ավելի։ Ճապոնական մեքենաների ղեկերը փոխելը Վրաստանում նախ խնդիր է, երկրորդն էլ չգիտենք, թե ինչու մենք այդ մենաշնորհը տվել ենք վրացի ու ադրբեջանցի արհեստավորներին։ Մենք այսօր հարստացնում ենք ադրբեջանցիներին։ Այդ նույն գումարները կարող են այստեղ աշխատել։ Այդ գումարներն էլ գնա մեր պետության բյուջե։ Ամեն մեքենայի վրա աշխատում է 5 արհեստավոր։ Մենք կարծում ենք, որ Կառավարության աթոռներից ամեն խնդիր չէ, որ երեւում է։ Պետք է խնդիրը բարձրաձայնենք, որպեսզի տեսանելի լինի»։

Այլ ավտոներկրող էլ պատմեց, որ այս պահին ունի 2 ավտոմեքենա, որոնք արդեն 3 ամիս է Վրաստանում են գտնվում. «Ղեկերը պետք է փոխեն, չեն հասնցում ու հազար լարի տուգանք է եկել ամեն մեքենայի համար։ Գոնե մեր հայ մասնագետները փոխեն, որ մի բանը լավ չանելու դեպքում ասենք՝ էս լավ չի, այս տարբերակով արեք։ Երբ վրացին կամ թուրքն է անում, ստիպված փախչում ենք այդտեղից, որ հասցնենք սահմանն անցնենք՝ տուգանքների տակ չընկնենք»։

Ակցիայի մասնակից ավտոներկրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրենց խնդրի վերաբերյալ բաց նամակ էին գրել, որը հանձնեցին ընդունարան։