«Էրեբունի-Երեւան» տոնակատարության միջոցառումները կկրեն ապակենտրոնացված բնույթ: Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նա հավելեց, որ որոշում է ընդունվել Հանրապետության հրապարակում համերգից հրաժարվելու եւ հիմնական միջոցառումները Սարյան փողոցում անցկացնելու մասին:

«Վարչական շրջաններում միջոցառումները կսկսվեն 13:00-ին: Դավթաշենում տեղի կունենա ջազ ոճի համերգ, Նոր Նորքում՝ էլեկտրոնային երաժշտության համերգ, Նուբարաշենում՝ ռոք ոճի համերգ, Աջափնյակում՝ փոփ երաժշտության, Ավանում տեղի կունենա մանկական երաժշտության համերգ, Արաբկիրում՝ դասական երաժշտության համերգ, Էրեբունիում՝ ժողովրդական երաժշտության եւ այլն»,- նշեց նա:

Տիգրան Վիրաբյանը շեշտեց, որ միջոցառման շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա Միխայիլ Պիոտրովսկուն եւ Երվանդ Մանարյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչմամբ պարգեւատրելու արարողությունը:

«Դրանից բացի, տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի «Հետեւիր արեւին, արի Երեւան» ստեղծագործության շնորհանդեսը: Հոլովակի պրեմիերան տեղի կունենա մինչեւ հոկտեմբերի 18-ը: Սպասվում է Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի Պետական ակադեմիական ազգային երգչախմբի ելույթը»,- ամփոփց փոխքաղաքապետը:

Նշենք, որ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: